16
04, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ

Հանրապետության ղեկավարն այցելել է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, որտեղ ծանոթացել է ընկերության զարգացման ծրագրերին և մասնակցել ընդլայնված ու արդիականացված կոմբինատի ֆլոտացիոն մասնաշենքի բացման արարողությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանին կոմբինատում շրջայցի ժամանակ ներկայացրել են, որ հարստացուցիչ ֆաբրիկայի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների ավարտից հետո մասնաշենքը վերազինվել է եվրոպական չափանիշներին համապատասխան նոր ֆլոտացիոն մեքենաներով: Ընկերությունը, պատասխանատուների հավաստմամբ, պլանավորում է 2012թ. ավելացնել հանքաքարի վերամշակումը` տարեկան հասցնելով 2.7 մլն տոննայից մինչև 3.5 մլն տոննայի: Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի վերակառուցման ավարտից և նոր տեխնիկայի ձեռքբերումից հետո աշխատատեղերի քանակը կհասնի 985–ի, որը կազմում է արդյունաբերական այս քաղաքի աշխատունակ բնակչության 1/3-ը: Ընթացիկ տարում միջին աշխատավարձը նախատեսվում է մինչև 250 հազ. դրամ:

Սահմանամերձ Ագարակում Նախագահն այցելել է նաև քաղաքի վերանորոգված մշակույթի կենտրոն, որտեղ համայնքի համաֆինանսավորմամբ, Ագարակի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատների աջակցությամբ և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվել են 80,5 մլն դրամի աշխատանքներ: Մշակույթի կենտրոնն արդեն գործում է՝ իր հանդիսությունների դահլիճով, մարզասրահով, անհրաժեշտ այլ հնարավորություններով:

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Սերժ Սարգսյանն այցելել է Մեղրու նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ Մեղրի քաղաքում նոր երկհարկանի բժշկական կենտրոնի կառուցումը նպատակ ունի նորակառույց հիվանդանոցի շենքում միավորել Մեղրիի և Ագարակի բժշկական կենտրոնների բոլոր հիվանդանոցային և ամբուլատոր ծառայությունները, ինչը թույլ կտա առավել արդյունավետ և աշխարհագրական առումով մատչելի բժշկական ծառայություններ մատուցել տարածաշրջանի բնակչությանը:

Նշվել է, որ շուրջ 3500 քմ մակերեսով նորակառույց շենքում տեղակայվող բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը կազմված կլինի ընդհանուր թերապևտիկ և մանկական, ինֆեկցիոն, վիրաբուժական, մանկաբարձական, ինչպես նաև ինտենսիվ բուժման բաժանմունքներից: Բժշկական կենտրոնը կունենա նաև անհետաձգելի և պլանային դեպքերի համար ընդունարան և դրան կից ախտորոշիչ բաժանմունք ու օժանդակ ծառայություններ: Բժշկական կենտրոնի շինարարության համար Մեղրիի քաղաքապետարանը հատկացրել է մոտ 1.2 հա հողատարածք: Ծրագիրն սկսվել է 2011թ. և նախատեսվում է ավարտել 2013թ. վերջին:

Հանրապետության ղեկավարն այսօր Սյունիքում մասնակցել է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության մանրացման տեղամասի և Կապանի բժշկական կենտրոնի վերանորոգված մանկական մասնաշենքի բացման արարողություններին:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը շահագործում է Հայաստանում պղնձի և մոլիբդենի խոշորագույն՝ Քաջարանի հանքավայրը, կառուցել է կիսաինքնամանրացման նոր մասնաշենք: Հանքաքարի կիսամանրացման աղացի շահագործման արդյունքում, ընկերության ղեկավարության հավաստմամբ, բացի կոմբինատի արտադրողականության մոտ 40-50 տոկոսով բարձրացումը, լուծվել է ևս 150 աշխատատեղի խնդիր՝ շուրջ 250 հազ. դրամ միջին աշխատավարձով: Կոմբինատի աշխատողների թիվը կազմում է շուրջ 3,300, միջին աշխատավարձը՝ 287 հազ. դրամ:

Նախագահը Կապանի բժշկական կենտրոնի վերանորոգված մանկական մասնաշենքի բացման արարողությունից հետո շրջայց է կատարել առողջապահական այս հաստատությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին և մատուցվող ծառայությունների որակին:

Կապան քաղաքի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի երկհարկանի մասնաշենքը կառուցվել է 1960-ական թվականներին: Այն վերանորոգվել է 1980թ., իսկ 2005թ. ենթարկվել է թեթև կոսմետիկ նորոգման և կարիք ուներ լուրջ վերանորոգման:

Հիվանդանոցի մանկական բաժանմունքը տարեկան սպասարկում է 400-450 երեխա: Հանրապետության ղեկավարին զեկուցվել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում վերանորոգված Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմուքում տեղադրվել է ջեռուցման համակարգ, ամբողջովին փոխվել են ջրամատակարարման, կոյուղու և էլեկտրական համակարգերը, միջհարկային ծածկերը փոխարինվել են բետոնյա ծածկերով, կատարվել է մասնաշենքի տարածքի վերահատակագծում, արտաքին պատերի հարդարում և հիդրոմեկուսացում, իսկ տանիքն ամբողջովին փոխվել է: Բացի վերանորոգումից, ծրագրի շրջանակներում բաժանմունքը նաև վերակահավորվել է, համալրվել է նոր սարքավորումներով և ստացել շտապ օգնության մեքենա:

Բաժանմունքի վերանորոգումից հետո նախատեսվում է բուժանձնակազմի 10-12 աշխատատեղի ավելացում, իսկ սպասարկվող երեխաների քանակը` մինչև 600-650 երեխա: Հիվանդանոցի մանկական բաժանմունքում բուժվում են սոմատիկ հիվանդություններով երեխաներ: Բաժանմունքն ունի նաև ինտենսիվ թերապիայի սենյակ: Առաջին հարկաբաժնում կառուցվել և գործում է մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներով երեխաների վերականգնողական կենտրոն: Նախատեսվում է ստեղծել նորածինների վերակենդանացման և ինտենսիվ բուժման ստորաբաժանում ևս, որը կսպասարկի նաև Սյունիքի մյուս տարածաշրջանների նմանատիպ խնդիրներ ունեցող նորածիններին:

Սյունիքի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը՝ ապրիլի 17-ին, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Կապանի երկրագիտական թանգարան, որտեղ ՀՀ նախագահի կարգադրությամբ նախատեսված միջոցառումների ժամանակացույցով թանգարանի երկու մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքները ս.թ. մարտի վերջին ավարտվել են:

Հանրապետության ղեկավարին շրջայցի ժամանակ զեկուցվել է, որ երկրագիտական թանգարանի հիմնանորոգման համար 2011թ. ընթացքում հատկացված գումարով հիմնովին փոխվել են երկու մասնաշենքերի տանիքները, հիմնանորոգվել են հատակները, փոխվել են դռները և պատուհանները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, վերականգնվել է ջեռուցման համակարգը, իրականացվել են արտաքին բարեկարգման աշխատանքներ: Այդպիսով լուծվել են թանգարանային արժեքների պահպանության, անվտանգության, թանգարանային նյութերի մշտական, ժամանակավոր և բացօթյա ցուցադրությունների կազմակերպման, երկրագիտական թանգարանի մշակութային արժեքների հանրահռչակման խնդիրները:

Կապանում Հանրապետության ղեկավարն այցելել է նաև կաթի և մսի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող «Վամաքս Գրուպ» և «Մարիլա» ընկերություններ, ծանոթացել իրականացված ներդրումներին, արտադրության պայմաններին ու զարգացման ծրագրերին:

Նախագահ Սարգսյանին ներկայացվել է, որ հիմնադրումից՝ 2007թ-ից ի վեր «Վամաքս Գրուպ» ընկերությունն իրականցրել է մեծ ծավալի շինարարական աշխատանքներ, ներմուծել ժամանակակից սարքավորումներ՝ տնտեսությունը համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Այն իր չափերով ու հզորությամբ այսօր Հայաստանում վերամշակող խոշորագույն ընկերություններից է:

2010թ. հիմնված «Մարիլա» ՍՊԸ-ն, ընկերության պատասխանատուների հավաստմամբ, Գերմանիայից ներկրել է 650 հազար եվրո արժողությամբ մսի վերամշակման սարքավորումներ` 2 տոննա օրական վերամշակման հնարավորությամբ: Կատարված շինարարական և կազմակերպչական աշխատանքների արդյունքում, 2010թ. մայիսից «Մարիլա»-ն շուկա է հանել «Սյունիք մսամթերք» ապրանքանիշով երշիկեղենի և մսամթերքի տեսականի` պատրաստված բացառապես տեղական մսից: Ընկերության հետագա ծրագրերի հետ կապված նշվել է, որ այժմ գերմանական մասնագետների ղեկավարությամբ կատարվում են կաթի վերամշակման նոր հոսքագծի մոնտաժային աշխատանքները, որոնք շահագործման կհանձնվեն ս.թ. մայիսին:

Վերոնշյալ ընկերություններում շրջայցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ մսի և կաթի վերամշակման գործարանների հզորություններն ընտրվել են այնպես, որպեսզի հնարավոր լինի նաև մոտակա գյուղացիական և ֆերմերային տնտեսություններից գնել միս և կաթ, ինչը կխթանի տարածաշրջանում անասնապահության զարգացումը:

Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Նախագահն այցելել է Գորիսի «Սոցիալական տուն» ծրագրի շրջանակում քաղաքում կառուցվող բնակարանների շինհրապարակ, ծանոթացել ծրագրի «Գորիս-2» փուլի աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագրի շրջանակում 2011թ. մեկնարկած Գորիսի սոցիալական տան կառուցման այս փուլում կլուծվի սոցիալապես անապահով, վագոն տնակներում բնակվող փախստականի կարգավիճակ ունեցող 22 ընտանիքների բնակարանային ապահովության հարցը: «Գորիս-2» ծրագրով կառուցվում է եռահարկ շենք, որն ունենալու է 20 բնակարան:

Նշվել է, որ ծրագրի առաջին՝ պիլոտային փուլում, կառուցվել են 2 երկհարկանի սոցիալական տներ՝ 13 բնակարաններով, որոնք հիմնականում բնակեցվել են փախստականներով և համայնքի սոցիալապես խիստ անապահով ընտանիքներով:

Սյունիքի մարզի Դարբաս համայնքում Սերժ Սարգսյանն այցելել է «Շամբ Բիզնես» ընկերությանը պատկանող պահածոների և հանքային ջրերի գործարաններ ևս, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են Շամբում տեղական այս արտադրությունների հիմնումից ի վեր իրականացված ներդրումները, հիշյալ գործարանների արտադրական հզորությունները, զարգացման ծրագրերն ու ստեղծված աշխատատեղերը:

Ընկերությունում նշել են, որ պահածոների գործարանում արտադրության համար օգտագործվող պտուղ բանջարեղենը մթերվում է տարածաշրջանի գյուղերի արտադրողներից: 2011թ. արտադրանքի ծավալը, ընկերության պատասխանատուների հավաստմամբ, կազմել է մոտ 175 տոննա, որից 80%-ն արտահանվել է ՌԴ։ Գործարանի աշխատանքներում ներգրավված է 60 աշխատակից։ Նախատեսվում է 2012թ. աշխատակիցների թիվը հասցնել 120-ի։ Անձնակազմի միջին աշխատավարձը կազմում է 70 հազ. դրամ։

Հանքային ջրերի գործարանում, որտեղ արտադրվում են ապակե և պոլիէթիլենային տարաներով հանքային ջրեր ու լիմոնադներ, արտադրողականության հզորությունը կազմում է ժամում 5,000 շիշ: Արտադրանքի մեծ մասն արտահանվում է: Գործարանն ունի 53 աշխատակից։ 2012թ. նախատեսվում է այդ թիվը հասցնել 70-ի։ Անձնակազմի միջին աշխատավարձը կազմում է 70 հազ. դրամ։

Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է տեղական արտադրությունների հիմնումն ու զարգացումը և հաջողություններ մաղթել հիշյալ ընկերությունների հետագա ծրագրերին:

 

← Վերադառնալ